Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«Ձայն ընդդեմ պատերազմի»

«Ձայն ընդդեմ պատերազմի»
19.11.2013 | 16:02

Երբ ռոքը գլուխդ է ընկնում, աշխարհում ամեն բան մոռանում ես, նույնիսկ թե կողքիդ ով կա ու ինչպես կընկալի երաժշտության կախադրանքի տակ բանականությանդ չենթարկվող խենթ շարժումներն ու մարմնիցդ հորդող ազատության տենչանքը: Երեկ մոտավորապես այսպիսի վիճակ էր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, ուր տրվեց «Ձայն ընդդեմ պատերազմի» («Sound against war») ռոք փառատոնի մեկնարկը: Փառատոնը բացեց «Compass» խումբը: Վերջինիս և Այդին Դավուդիի ու Յոհան Կոստանի կատարմամբ հնչեց Ջոն Լենոնի «Imagine» -ը` որպես փառատոնի օրհներգ: Այնուհետև սկսվեցին մասնակիցների ելույթները` ընդդեմ բոլոր տեսակի պատերազմների և հանուն աշխարհի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման: Համերգային օրը հագեցած էր տարբեր խմբերի կատարումներով`«Metaphor», «Nemra», «Blood Covenant», «The Drive Dreamers»: «Բամբիռ» խմբից Արիկը և Վարդան Փարեմուզյանը դահլիճը ջերմացրին յուրօրինակ երգերով, իսկ կոմպոզիտոր, երգիչ Այդին Դավուդին ու երգչուհի Ալին Գոյանը (Ալինա Ենգոյան) հանդիսատեսին պարզապես համրացրել էին «Դլե յամանի» իրենց կատարմամբ: Համերգը եզրափակեց մեր հին և բարի «Ոստան Հայոցը»: Նկատենք, որ նման փառատոնները ոչ միայն ինֆորմատիվ բնույթ են կրում երկրում գործող տարբեր խմբերի ճանաչողության առումով, այլև նպաստում են նոր խմբերի ձևավորմանը, մեծացնում երաժշտական այս ժանրով հետաքրքրվողների շարքերը: Սրանք քարոզչության պես մի բան են, որոնցում միախառնված է արվեստը, քաղաքականությունը և մշակութային տեղեկատվությունը: Փառատոնը կտևի մեկ շաբաթ` մինչև նոյեմբերի 24-ը: Համերգները տեղի կունենան Երևանի տարբեր ակումբներում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ